ԼԱՎ ԷԼԻ

ԼԱՎ ԷԼԻ

ԼԱՎ ԷԼԻ
Կազմը –

  • Ալեքս Ավետիսյան - բաս կիթառ, վոկալ
  • Գոռ Մխիթարյան - առաջատար/ռիթմ կիթառ, վոկալ
  • Դավիթ Գրիգորյան – հարվածային գործիքներ
  • Մհեր Մանուկյան - վոկալ, առաջատար/ռիթմ կիթառ, շրթհարմոն
  • Վահե Տերտերյան - բաս կիթառ (փոխարինել է Ալեքսին)

1997-ին Snack խումբը լքում են սկզբից Մայքլ Ջեյ Հեմմեսը, ով ավարտելով իր առաքելությունը՝ վերադառնում է ԱՄՆ, հետո հարվածորդ Աշոտ Չոբանյանը, ով նույնպես մեկնում է ԱՄՆ՝ հիմնական բնակության: «ՍՆԷՔ»-ի բեկորները որոշում են հրավիրել նոր հարվածորդի՝ Դավիթ Գրիգորյանին՝ վանաձորյան «Ալք» խմբից: Փոխվում է նաեւ խմբի անվանումը: Երկար եւ ծանր մտավոր ճիգերից հետո որոշվում է խումբն անվանել «LAV ELI»: Գաղափարը ծագել էր մեծ կատակաբան,  խաղաղության կորպուսի մեկ այլ անդամ Դոնալդ Ֆլամերֆելդից, որն ամեն անգամ լսելով հայկական «լավ էլի» արտահայտությունը, պատասխանում էր, որ ինքն Էլլիին (love Ellie) չի ճանաչում եւ չի պատրաստվում նրան սիրել: Գտնվեցին նաեւ խմբի նոր անվանման այլ մեկնություններ՝ «լավ էղի», «LOVE էլի», «Love Alley» եւ այլն:

Lav Eli-ն շարունակում է ՍՆԷՔ-ի համերգային գործունեությունը՝ մենահամերգով հանդես գալով Երեւանի ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում, մասնակցելով ՆՓԱԿ-ի (Նորարարական-փորձարարական արվեստի կենտրոն) կազմակերպած փառատոների շարքին եւ «Մշակութային գարուն-97»ին: 1997-ին Խաղաղության կորպուսի միջոցով ստացված դրամաշնորհի միջոցներով ձայնագրվում է «Առաջին LAV Ալբոմ»-ը, որից մի շարք երգեր եթեր են արձակվում երեւանյան FM ռադիոկայանների կողմից (Ռադիո «Բուրգ», Հայ FM), որոնցից «Առաջին LAV երգը» («Գտա քեզ երկնքում») մի քանի ամիս շարունակ մնում է լավագույն տասնյակներում՝ հասնելով առաջին հորիզոնականին:

Խմբի սկսած ձայնագրություններին մասնակցում են խմբի լավագույն բարեկամներից՝ Արթուր Քուինընը (շրթհարմոն) եւ Ջոն Փըրֆիթը (մանդոլին)՝ ներկայացնելով իրենց երգերը (թիվ 15, թիվ 17):  «LAV ELI»-ն 1998-ին մասնակցում է «Հայ երգի փառատոն»-մրցույթին, որտեղ «Գարուն է եկել» երգով գրավում է 15-րդ տեղը ավելի քան 300 մասնակիցների շրջանում (մեր անհամեստ կարծիքով՝ երգն արժանի էր ավելի բարձր գնահատականի): Խումբը, ստանալով Ռադիո «Բուրգ»-ի ծրագրերի տնօրեն Արտյոմ Այվազյանի բարոյական եւ ֆինանսական աջակցությունը, 1999-ին ձայնագրում է «Էսսեներ» լազերային սկավառակը: Ալբոմի առաջին երգը՝ «Սկիզբը», ավելի քան 4 ամիս մնում է Հայ FM ռադիոկայանի լավագույն 20-յակում՝ հասնելով երկրորդ հորիզանականին: Եթերում հայտնված հաջորդ երգը՝ «Ճամփորդական երգ»-ը, միանգամից հասնում է առաջին հարիզոնական եւ այնտեղ հիմնավորվում ավելի քան չորս շաբաթ: «LAV ELI»-ն հրավիրվում է «Բարեւ» հեռուստատեսային ծրագրի վեցամյա գործունեությանը նվիրված բացօթյա տոնական համերգին: Ձայնագրություններից հետո խումբը լքում է Ալեքս Ավետիսյանը՝ իրեն ամբողջովին նվիրելով ընտանեկան կյանքին: Որպես նոր բաս-կիթառահար հրավիրվում է Վահե Տերտերյանը՝ նույն չարաբաստիկ «Ալք» խմբից: Նոր կազմով խումբը համերգով հանդես է գալիս Եղեգնաձորում, ինչպես նաեւ Վանաձորում՝ Երեւանյան «Angels» խմբի հետ միասին:

Ձայնագրություններ՝

«Առաջին LAV Ալբոմ», 1997 (ձայներիզ, 21 երգ, 90 րոպե)

Ա կողմ Բ կողմ
1.    Գնացքը
2.    Առաջին LAV երգ (Գտա քեզ երկնքում)
3.    Քո Աչքերը
4.    Աղջիկները չունեն (խելք)
5.    Դե Գնա
6.    Սառնարանը (Կարոտ)
7.    Գրկաբաց երգ
8.    Պարերի արքան
9.    Կլինես դու իմը
10.    Ասք Լուսնի մասին
11.    Գարուն է եկել
1.    The Blue Mouse
2.    Superstitious
3.    F.U. OL
4.    2nd LAV Song
5.    The Red Hill
6.    No. 6
7.    One Million Broken Hearts
8.    The Fine Line
9.    Wet
10.    Elaborate Plans

Ձայնագրվել է Վանաձորի «Ունիվերսալ» ձայնագրման ստուդիայում: Ձայնագրման ռեժիսոր՝ Էդիկ Բաբաջանյան: Պրոդյուսերներ՝ ԼԱՎ ԷԼԻ եւ Էդիկ Բաբաջանյան:
 
«Էսսեներ», 1999 (լազերային սկավառակ, 10 երգ, 42 րոպե)

երգացանկ՝ Երգերը գրված են՝
1.    Սկիզբը
2.    Ճամփորդական երգ
3.    Փողը
4.    Խավարասերների քայլերգը
5.    Ես ձեզ պես չեմ
6.    Թե ինչ ես անում, երբ տանը մենակ ես մնում
7.    The Blind Manifesto
8.    She Says
9.    Rural to Urban Shift
10.  Self-Sale
երաժշտ.                             խոսք
Մհեր/LAV ELI                    Մհեր
Գոռ/Մհեր,                          
Մհեր                                  
Մհեր/LAV ELI                    
Մհեր
Գոռ/Մհեր
Մհեր/LAV ELI
Մհեր
Գոռ
Գոռ

Ձայնագրվել է Վանաձորի «Ունիվերսալ» ձայնագրման ստուդիայում: Ձայնագրման ռեժիսոր՝ Էդիկ Բաբաջանյան: Պրոդյուսերներ՝ ԼԱՎ ԷԼԻ եւ Էդիկ Բաբաջանյան:

  • Ալեքս Ավետիսյան - բաս կիթառ (1, 2, 7, 8)
  • Գոռ Մխիթարյան - առաջատար կիթառ (բոլորը՝ բացի #3), ռիթմ կիթառ, առաջատար վոկալ (6, 9, 10), բաս կիթառ (4)
  • Դավիթ Գրիգորյան – հարվածային գործիքներ
  • Մհեր Մանուկյան - առաջատար վոկալ (բոլորը՝ բացի #10), երկրորդ վոկալ, առաջատար կիթառ (3), ռիթմ կիթառ, բաս կիթառ (3, 5, 6) ստեղնային գործիքներ, շրթհարմոն

Game

GAME (Գոռ, Աշոտ, Մհեր, etc.)

Կազմը –

  • Աշոտ Չոբանյան - վոկալ, հարվածային գործիքներ
  • Գոռ Մխիթարյան - առաջատար կիթառ
  • Մհեր Մանուկյան - ռիթմ կիթառ

1994 թվականն էր: Հայաստանի՝ իր մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորում արդեն ցրվել էր «Ստվերներ» ռոք խումբը: Շատ չանցած՝ «Ստվերներ»-ի հարվածորդ Աշոտ Չոբանյանը խմբի նախկին կիթառահար Գոռ Մխիթարյանին եւ երաժշտական աշխարհում նոր քայլեր անող Մհեր Մանուկյանին առաջարկեց նոր խումբ հավաքել, որը ստացավ GAME անվանումը:

Խումբն անմիջապես սկսեց փորձերը՝ հիմնականում կենտրոնանալով «Ստվերներ»-ի երգացանկի վրա, ավելացնելով մեկ-երկու սեփական ստեղծագործություն: Արդյունքում կատարվեցին սիրողական ձայնագրություններ, ինչով էլ սահմանափակվեց խմբի աշխատանքը:  

Ձայնագրություն՝

դեմո ձայնագրություն, 1994 (ձայներիզ)

SNACK

ՍՆԷՔ (Սիրո ՆեոԷկզիստենցիալիստական Քրեստոմատիա)

Կազմը –

  • Աշոտ Չոբանյան - վոկալ, հարվածային գործիքներ
  • Ալեքս Ավետիսյան - բաս կիթառ, վոկալ
  • Գոռ Մխիթարյան - առաջատար/ռիթմ կիթառ, վոկալ
  • Մայքլ Ջեյ Հեմմես – ռիթմ կիթառ, վոկալ
  • Մհեր Մանուկյան - առաջատար/ռիթմ կիթառ, վոկալ, ստեղնային գործիքներ

1995-ին GAME-ը որոշում է որպես բաս կիթառահար հրավիրել խմբի ընդհանուր ընկեր Ալեքս Ավետիսյանին: Խումբը սկսում է փորձերը Վանաձորի ՀՀՇ կազմակերպության կողմից բարեհաճորեն տրամադրված տարածքում՝ իր ստեղծած աղմուկով սարսափահար անելով ոչ միայն շենքում բոլոր գտնվողներին, այլեւ մոտ մեկ կիլոմետր շառավղով բոլոր մարդկային եւ ոչ մարդկային արարածներին: Աշոտի առաջարկությամբ խմբին է միանում կիթառահար Մայքլ Ջեյ Հեմմեսը, որը Վանաձորում էր գտնվում որպես ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր: Փորձերը տեղափոխվում են Վանաձորի պետական տիկնիկային թատրոն, որտեղ խումբն աշխատանքի է անցնում որպես թատրոնի երաժշտախումբ: Երգացանկին, բացի «Ստվերներ»-ի երգերից, ավելանում են բավականին մեծ թվով սեփական երգեր: Խումբը աշխատում է անիծվածի պես եւ 1995-ի մարտի 11-ին Վանաձորի տիկնիկային թատրոնի բեմում հանդես է գալիս իր առաջին անհատական համերգով: Անմիջապես համերգից առաջ Աշոտը խմբի անունը հայտարարում է որպես «Snack», որը հետագայում մեկնաբանվում է որպես «ՍՆԷՔ»՝ Սիրո ՆեոԷկզիստենցիալիստական Քրեստոմատիա: Համերգը, չնայած ոչ այնքան փայլուն կատարողական վարպետությանը, ցնծությամբ է ընդունվում:

Առաջին համերգին հետեւում են մի շարք համերգային հրավերներ եւ այլ անհատական բեմելներ: «ՍՆԷՔ»-ը սկսում է շրջագայել Հայաստանով՝ ելույթ ունենալով Երեւանում, Գյումրիում, Ծաղկաձորում եւ իհարկե՝ Վանաձորում: Հավաքված նյութի հիման վրա խումբը սկսում է ձայնագրվել: Արդյունքում հայտնված «Ահա եւ մենք» ալբոմից մի քանի երգ շարունակաբար սկսում են հնչել երեւանյան Հայ FM ռադիոկայանի եթերում եւ, ի հետեւանք, «ՍՆԷՔ»-ը նշվում է որպես տարվա հինգ լավագույն հայ կատարողներից չորրորդը՝ ցանկում լինելով միակ խումբը:

Ձայնագրություն՝

«Ահա եւ մենք», 1995 ( ձայներիզ, 17 երգ, 60 րոպե )                  

Երգացանկ.

1.    Գնա

2.    Սարերը

3.    Եւ ուրիշ ոչինչ

4.    She Has Gone

5.    Into Her Life

6.    Աղջիկ ջան

7.    Flyer’s Song

8.    Echo Men

9.    The Little Fool
10.    Պատեր

11.    I Sense

12.    One Sunday Morning

13.    Sad Song

14.    Հասարակ աղջիկներ, հասարակ տղաներ

15.    Գորշ

16.    Քո Աչքերը

17.    The Sunslier’s Song

Ձայնագրվել է Վանաձորի «Ունիվերսալ» ձայնագրման ստուդիայում: Ձայնագրման ռեժիսոր՝ Էդիկ Բաբաջանյան: Պրոդյուսերներ՝ ՍՆԷՔ եւ Էդիկ Բաբաջանյան:

Խմբի անդամները

Ալեքս Ավետիսյան – Ծնվել է 1967 թվականին: Ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան՝ վոկալի բաժինը. տենոր է: Ամուսնացած է, ունի մեկ տղա, սիրում է շախմատ խաղալ եւ պատկերացնել, թե ինչպես է նվաճում Հոլիվուդն իր դերասանական խաղով: Աշխարհի ամենահանգիստ մարդն է: Սիրում է նաեւ երգել հանրային բաղնիքի խցիկում՝ քաղելով բաղնիքի անձնակազմի օվացիան:

Դավիթ Գրիգորյան -  Ծնվել է 1971 թվականին: Ստացել է 10-ամյա կրթություն, աշխատում է հյուսն՝ Վանաձորի կահույքի ֆաբրիկայում: Ամսական արտասանում է միջին հաշվով  տասից տասներկու բառ: Հիմնական զբաղմունքը հարվածելն է՝ բարեբախտաբար՝ անշունչ առարկաներին: Խմբի ամենաջանասեր անդամն է: Նրան են պատկանում այնպիսի խոհափիլիսոփայական արտահայտություններ, ինչպիսիք են «Քյամարը (գոտին) եւ հայ ժողովրդի ճակատագիրը» եւ «Բոլորս դեպի գազ»-ը: Շատ է սիրում ջազ-ռոք, մնացած ողջ երաժշտությանը վերաբերվում է բարեհոգի ժպիտով, անհավատալի ամոթխած է եւ պարկեշտ: Ամուսնացած չէ:

Գոռ Մխիթարյան - Ծնվել է 1973 թվականին: Հասակը՝ 1 մ 90 սմ, ոտքի համարը՝ Հայաստանում այդ համարի կոշիկներ չեն արտադրվում: Նույնպես սիրում է շախմատ խաղալ, հատկապես՝ բլից: Ունի տասնամյա միջնակարգ կրթություն, զբաղվել է հնարավոր ամեն ինչով, սկսած մեղվապահությունից, վերջացրած՝ առեւտրային գործունեությամբ: Երբեք չի բողոքել ախորժակից եւ կարծում է, որ իսկական տղամարդը պիտի ուտելիքի աչքը վախեցրած պահի: Ծնկները թուլանում են քանթրի, ինչպես նաեւ լատինաամերիկյան երաժշտությունից: Ամուսնացած է, ունի մեկ դուստր: Ներկայումս բնակվում եւ ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Մհեր Մանուկյան - Ծնվել է 1975 թվականին: Հասակը՝ 1 մ 52 սմ, որը թույլ է տալիս աննկատ մնալ անհրաժեշտության դեպքում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի Միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետը, ունի նաեւ յոթնամյա երաժշտական կրթություն՝ դաշնամուր մասնագիտությամբ: Սիրում է զբաղվել ինչով պատահի, լինի դա Վայնինգերի երկերի վերլուծություն, թե կոմպյուտերային խաղ: Իր խորին համոզմամբ, ինքը չհասկացված հանճար է, իսկ նրա ընկերների համոզմամբ՝ նա երբեք չի հասկացվի եւ դա 21-րդ դարում մարդկային ամենամեծ բարեբախտություններից մեկն է: Սիրում է նաեւ կարդալ, գրել եւ նկարել, ինչպես նաեւ ինքն իր հետ զրույցներ վարել «Ես եւ Արվեստը» թեմայով:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Վահե Տերտերյան - Ծնվել է 1978 թվականին: Ստացել է տասնամյա միջնակարգ կրթություն, ունի Դոն Ժուանի արտաքին եւ համապատասխան  հակումներ: Նրա չհայտարարված նշանաբանն է ՝«երաժշտություն, աղջիկներ՝ եւ այդ ամենը սպիրտային գոլորշիներում եփված»: Հակված է ավելի շատ ծանր հնչողությամբ ժամանակակակից խմբերի: Պատրաստվում էր դիմել Երեւանի գեղարվեստի ինստիտուտ՝ նկարչության ֆակուլտետ, սակայն արտագաղթեց ԱՄՆ՝ մշտական բնակության: Բնականաբար, մինչ օրս ամուսնացած չէ:

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք կայքի նորություններին