Խմբի անդամները

Ալեքս Ավետիսյան – Ծնվել է 1967 թվականին: Ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան՝ վոկալի բաժինը. տենոր է: Ամուսնացած է, ունի մեկ տղա, սիրում է շախմատ խաղալ եւ պատկերացնել, թե ինչպես է նվաճում Հոլիվուդն իր դերասանական խաղով: Աշխարհի ամենահանգիստ մարդն է: Սիրում է նաեւ երգել հանրային բաղնիքի խցիկում՝ քաղելով բաղնիքի անձնակազմի օվացիան:

Դավիթ Գրիգորյան -  Ծնվել է 1971 թվականին: Ստացել է 10-ամյա կրթություն, աշխատում է հյուսն՝ Վանաձորի կահույքի ֆաբրիկայում: Ամսական արտասանում է միջին հաշվով  տասից տասներկու բառ: Հիմնական զբաղմունքը հարվածելն է՝ բարեբախտաբար՝ անշունչ առարկաներին: Խմբի ամենաջանասեր անդամն է: Նրան են պատկանում այնպիսի խոհափիլիսոփայական արտահայտություններ, ինչպիսիք են «Քյամարը (գոտին) եւ հայ ժողովրդի ճակատագիրը» եւ «Բոլորս դեպի գազ»-ը: Շատ է սիրում ջազ-ռոք, մնացած ողջ երաժշտությանը վերաբերվում է բարեհոգի ժպիտով, անհավատալի ամոթխած է եւ պարկեշտ: Ամուսնացած չէ:

Գոռ Մխիթարյան - Ծնվել է 1973 թվականին: Հասակը՝ 1 մ 90 սմ, ոտքի համարը՝ Հայաստանում այդ համարի կոշիկներ չեն արտադրվում: Նույնպես սիրում է շախմատ խաղալ, հատկապես՝ բլից: Ունի տասնամյա միջնակարգ կրթություն, զբաղվել է հնարավոր ամեն ինչով, սկսած մեղվապահությունից, վերջացրած՝ առեւտրային գործունեությամբ: Երբեք չի բողոքել ախորժակից եւ կարծում է, որ իսկական տղամարդը պիտի ուտելիքի աչքը վախեցրած պահի: Ծնկները թուլանում են քանթրի, ինչպես նաեւ լատինաամերիկյան երաժշտությունից: Ամուսնացած է, ունի մեկ դուստր: Ներկայումս բնակվում եւ ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Մհեր Մանուկյան - Ծնվել է 1975 թվականին: Հասակը՝ 1 մ 52 սմ, որը թույլ է տալիս աննկատ մնալ անհրաժեշտության դեպքում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի Միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետը, ունի նաեւ յոթնամյա երաժշտական կրթություն՝ դաշնամուր մասնագիտությամբ: Սիրում է զբաղվել ինչով պատահի, լինի դա Վայնինգերի երկերի վերլուծություն, թե կոմպյուտերային խաղ: Իր խորին համոզմամբ, ինքը չհասկացված հանճար է, իսկ նրա ընկերների համոզմամբ՝ նա երբեք չի հասկացվի եւ դա 21-րդ դարում մարդկային ամենամեծ բարեբախտություններից մեկն է: Սիրում է նաեւ կարդալ, գրել եւ նկարել, ինչպես նաեւ ինքն իր հետ զրույցներ վարել «Ես եւ Արվեստը» թեմայով:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Վահե Տերտերյան - Ծնվել է 1978 թվականին: Ստացել է տասնամյա միջնակարգ կրթություն, ունի Դոն Ժուանի արտաքին եւ համապատասխան  հակումներ: Նրա չհայտարարված նշանաբանն է ՝«երաժշտություն, աղջիկներ՝ եւ այդ ամենը սպիրտային գոլորշիներում եփված»: Հակված է ավելի շատ ծանր հնչողությամբ ժամանակակակից խմբերի: Պատրաստվում էր դիմել Երեւանի գեղարվեստի ինստիտուտ՝ նկարչության ֆակուլտետ, սակայն արտագաղթեց ԱՄՆ՝ մշտական բնակության: Բնականաբար, մինչ օրս ամուսնացած չէ:

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք կայքի նորություններին