ՄԵՆԱՀԱՄԵՐԳ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՄԵՆԱՀԱՄԵՐԳ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

2012 թ. հուլիսի 4-ին Վանաձորի կենտրոնական՝ Հայքի հրապարակում տեղի ունեցավ «LAV ELI» ռոք խմբի բացօթյա բացառիկ համերգը: Բացառիկ, որովհետև Աստված գիտե, թե երբ էր վերջին անգամ խումբը մենահամերգ տվել իր հարազատ քաղաքում: Եվ բացի այդ, համերգին մասնակցում էր նաև արդեն վաղուց ԱՄՆ-ում հաստատված Գոռ Մխիթարյանը՝ «ԼԱՎ ԷԼԻ»-ի հիմնադիրներից ու առանցքային անդամներից մեկը:

«ԼԱՎ ԷԼԻ»-ն ելույթ ունեցավ հետևյալ կազմով՝ Գոռ Մխիթարյան - կիթառ/վոկալ, Մհեր Մանուկյան - կիթառ/վոկալ, Դավիթ Գրիգորյան - հարվածային գործիքներ, Բագրատ Ազնաուրյան - վոկալ/կիթառ, Տիգրան Ոսկանյան - բաս կիթառ, Շողեր Մանուկյան - թավջութակ:

Համերգի գաղափարն առաջացել էր խմբի վաղեմի ընկեր Քրիստ Մարուքյանի գլխում, ով համատեղության կարգով նաև Բիբլոս Բանկի վանաձորյան մասնաճյուղի ղեկավարն է: Եվ ահա, ըստ հանճարեղ մտահղացման, համերգն իրականություն դարձավ Բիբլոս Բանկի ֆինանսական աջակցության շնորհիվ և նվիրվեց Վանաձորում Բիբլոս Բանկի մասնաճյուղի բացման մեկամյակին:Կազմակերպչական գործը հանձնվեց Րաֆֆի Նիզիբլյանի ղեկավարած «Deem Communications»-ին ու, ինչպես ասում են, «ով ունի այսպիսի ձի, թող նա գա մեզ հետ մրցի»: :)

«Ուրախ ենք համատեղել Բիբլոս Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի մեկ տարվա տոնակատարությունը «LAV ELI» ռոք խմբի համերգի ներկայացմամբ, քանի որ Վանաձորը հայտնի է ռոք երաժշտության ավանդույթներով: Նման միջոցառմամբ նպաստում ենք այն միջավայրի մշակույթի զարգացմանը, որտեղ գործում ենք», - ահա թե ինչ է ասում Քրիստ Մարուքյանը՝ Բիբլոս Բանկ «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչը:

Իսկ ահա թե ինչ է ասում խմբի անդամ Մհեր Մանուկյանը. «Տարիներ անց «LAV ELI»-ն գրեթե ամբողջությամբ կրկին համախմբվեց՝ իրականացնելու Վանաձորում համերգ տալու մեր վաղեմի ցանկությունը: Եվ մենք դա արեցինք»:

Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնեցին համերգն իրականություն դարձնել և հատկապես մեր սիրելի ունկնդիրներին, որ եկել էին ոչ միայն Վանաձորից, Երևանից ու Հայաստանի այլ մասերից, այլև հեռավոր ու մոտիկ արտասահմանից :) - ձեզ չկարողացավ հաղթել նույնիսկ եղանակը - ապրե՛ք:

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք կայքի նորություններին