Մհեր Մանուկյանի հարցազրույցը «Վանաձորյան խճանկար» թերթին (14.12.2011)

Մհեր Մանուկյանի հարցազրույցը «Վանաձորյան խճանկար» թերթին (14.12.2011)

Զրույց «ԼԱՎ ԷԼԻ» խմբի երգիչ, կիթառահար Մհեր Մանուկյանի հետ
1995 թ.-ին Վանաձորում կազմվում է «ՍՆԷՔ» ռոք խումբը, որը 2 տարի անց վերակազմվում է «ԼԱՎ ԷԼԻ»-ի՝ Ալեքս Ավետիսյան (բաս կիթառ, վոկալ), Գոռ Մխիթարյան (ռիթմ կիթառ, վոկալ), Գավիթ Գրիգորյան (հարվածային գործիքներ), Մհեր Մանուկյան (վոկալ, ռիթմ կիթառ), Վահե Տերտերյան (բաս կիթառ)։ 90-ականների վերջին խումբը ճանաչված եւ սիրված էր ողջ Հայաստանում։ Վերջին շրջանում Մհեր Մանուկյանը նորից հետաքրքրություն է առաջացրել իր շուրջ։

– Մհե՛ր, ո՞րն էր պատճառը, որ «ԼԱՎ ԷԼԻ»-ն ասպարեզից հեռացավ։
– Ամենքս մեր ճանապարհով գնացինք։ Գոռն առանձին ալբոմ ձայնագրեց, հետո մեկնեց Ամերիկա։ Վահեն գնաց Ամերիկա։ Ես մնացի Երեւանում, Դավիթը՝ Վանաձորում։ Հիմա հույս ունեմ՝ հակառակ պրոցես է սկսվել: Որպես գաղտնիք ասեմ, որ ուզում ենք ամռանը նորից հին կազմով համերգներ ունենալ։

- Արի սկսենք սկզբից: Ինչպե՞ս ստեղծվեց խումբը։
- «ՍՆԷՔ»-ի նախնական կազմից 2-ը (Աշոտ Չոբանյան, Մայքլ Հեմմես) մեկնեցին Միացյալ Նահանգներ։ Ինչ-որ բան պետք էր անել, որոշեցինք նոր խումբ ձեւավորել։ Մի ընկեր ունեինք՝ Դոնալդ Ֆլամերֆելդը։ Երբ լսում էր հայկական «լավ էլի» արտահայտությունը, ասում էր՝ ես Էլլիին չեմ ճանաչում, ինչպե՞ս կարող եմ իրեն սիրել (անգլերեն՝ «love Ellie»՝ «սիրիր էլլիին»)։ Որոշեցինք օգտագործել այդ բառախաղը։ Խումբր դարձավ «ԼԱՎ ԷԼԻ»։ Կարծում էինք՝ շատ հետաքրքիր բան ենք գտել:

- Այդ տարիներին դժվար չէ՞ր Վանաձորում խումբ ստեղծել, երգեր ձայնագրել:
– Առաջին համերգը կենցաղային ստերեո համակարգի բարձրախոսներով ենք արել։ Հասույթը հազիվ հերիքում էր, որ ծախսերը փակենք: Ձմեռները փորձ էինք անում՝ սենյակը մի պլիտայով տաքացնելով, ձեռքներս սառած։ Բայց անկեղծ մղում կար, ոչինչ չէր կարող մեզ կանգնեցնել։ Առաջին համերգը տիկնիկայինում էր, հետո դուրս եկանք Վանաձորից՝ Երեւան, Գյումրի, Ծաղկաձոր։ Առաջին ալբոմը՝ «Ահա եւ մենք», ձայնագրեցինք «ՍՆէՔ»-ի կազմով։ Վանաձորում ձայնագրման ստուդիա կա, որի ղեկավարը՝ Էդիկ Բաբաջանյանը, համաձայնեց 50 դոլարով ալբոմ ձայնագրել։ Ֆանտաստիկ հնարավորություն էր։ Նոր էինք մտնում էդ աշխարհ, նոր էինք սովորում նվազել, կիսատ-պռատ, կցած-կցմցած, բայց ինչ-որ մի բան ստացվեց, որը հետաքրքրություն առաջացրեց։

- Քո նոր երգերում բողոք կա։ Պատահական չէ, որ քեզ «ազատության» երգիչ են ասում։ Ի՞նչն էր պատճառն այդ շրջադարձի։
– Երաժիշտը, երբ ինչ-որ բան ապրում Է, դա պետք է ինչ-որ ձեւով տեղ գտնի իր երաժշտության մեջ։ Դրա համար էդ երգերը ծնվել են, ունեն էդպիսի բովանդակություն։ Ես շատ կուզեի, որ ուրիշ երաժիշտներ էլ ինչ-որ մի խոսք ասեին։

– Հիմա նորից սկսել եք համերգներ ունենալ։ Վանաձորում համերգ սպասե՞նք։
–Գիտե՞ս՝ ես էլ էի մտածում դրա մասին, բայց հիմա չգիտեմ՝ Վանաձորում կա՞ էդ ունկնդիրը, թե՞ չէ։ Ամեն դեպքում եկող տարի եթե «ԼԱՎ ԷԼԻ»-ն նորից հավաքենք, Վանաձորում համերգ ունենալու հարցն անպայման պիտի բարձրացնենք։

- Աղջիկդ մասնակցում է համերգներիդ։ Ուզո՞ւմ ես երաժիշտ դառնա։
– Չորս երեխա ունեմ։ Աղջիկս 10 տարեկան է, թավջութակ է նվագում։ Երբ տանը սկսում եմ ինչ-որ բան նվագել, ամբողջ անձնակազմը միանում է, բայց թե երաժիշտ կդառնա՞ն... Մարդ դառնան, ինձ հերիք է։

– Դու ո՞ր տարիքից ես երաժշտությամբ հրապուրվել։
- Փոքր ժամանակ շատ լացկան եմ եղել։ Ծնողներս ասում են, որ հենց երաժշտություն են միացրել, ձայնս կտրել եմ, դեմքիս երանության ժպիտ է հայտնվել։ Դպրոցական բարձր դասարաններում արդեն սկսեցի նվազել խմբերում եւ տարվեցի։

– Վանաձորում նոր կազմավորվող խմբերի մասին տեղյա՞կ ես։
– Վանաձորը միշտ էլ ռոք երաժշտության մայրաքաղաքն է եղել Հայաստանում, հրաշալի ավանդույթներ ունի։ Ես ուզում եմ՝ այդ երիտասարդ խմբերը, ինչքան հնարավոր է, բարձր նշաձող դնեն իրենց առջեւ: Վանաձորը փոքր քաղաք է, շատ բան չի կատարվում, ինչ անես՝ ինքնաբերաբար դառնում է իրադարձություն, բայց երբեք պետք չէ էդ նշաձողը կորցնել։ Միայն էդպես է հնարավոր ինչ-որ բանի հասնել։ Եթե հարցեր ունենան, միշտ պատրաստ ենք մեր փորձով կիսվել ու աջակցել։

– 2012 թ.-ից ի՞նչ ակնկալիքներ ունես։
- Երեւի էսպես ասեմ՝ ավելի մեծ իմաստնություն՝ տարեցների, ավելի անզիջում լինելու ունակություն՝ երիտասարդների համար, յուրաքանչյուրս լինենք մի քիչ ավելի քաջ, ավելի բարի ու սիրով ավելի լցված:

Հարցազրույցը՝ Տիրան Մանուչարյանի

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք կայքի նորություններին